16 փետրվարի 2011 - 20:46 AMT
Պաշտոնական Երևանը գոհ է Իրանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկայից

Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԻԻՀ Նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիի գլխավորած պատվիրակությանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ-իրանական հարաբերություններին բնորոշ բարձր մարկարդակի և դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:

Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհի ողջյուններն ու բարեմաղթանքները:

Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի հատուկ բանագնացը մտքեր փոխանակեցին առաջիկայում երկկողմ շփումների օրակարգի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, նշելով, որ այն կարևոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման գործում: Քննարկվեց նաև երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների մշտական մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև զարգացող բազմաբովանդակ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող նախագծերին և հեռանկարային ծրագրերին էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: