18 փետրվարի 2011 - 15:22 AMT
Գերմանիայի հրեաները հայտարարում են. Հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն են

Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի գլխավոր քարտուղար Ստեֆան Կրամերը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցազրույցում 1915թ. հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն է որակել: «Ինձ հայտնի փաստերի հիման վրա ես կարող եմ ասել, որ Հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն էին: Սակայն, առավել կարևոր է, որ այդ իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Թուրքիայի կառավարությունը: 1998թ. Եվրոպայի խորհուրդը հայերի դեմ ուղղված հանցագործությունները Ցեղասպանություն անվանեց: Եվրոպացի գիտնականների ճնշող մեծամասնությունը նույն կարծիքն ունի»,-ասել է Կրամերը: Ըստ նրա, թուրքական կառավարությունը, չցանկանալով ընդունել ողջ աշխարհի կողմից ճանաչված փաստերը, պետք է այնուամենայնիվ համապատասխան որոշում կայացնի:

«Անշուշտ, մենք չենք ասում, թե հարկավոր է Լինչի դատաստանի ենթարկել թուրքերին իրենց նախնիների հանցագործության համար, սակայն, հարկավոր է սկսել ոճրագործությունների ճանաչման գործընթացը: Այդ հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում մեզանից յուրաքանչյուրը…Ցավոք, այդ թեման անտեսվում է խոշոր տերությունների քաղաքական շահերի պատճառով, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»,-ասել է Կրամերը, գրում է Nouvelles d'Arménie-ում լրագրող Ժան Էքյանը: