26 փետրվարի 2011 - 13:32 AMT
Հայերը բողոքի ցույցի են դուրս եկել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առջև

Լոս Անջելեսի հայ երիտասարդները փետրվարի 25-ին բողոքի զանգվածային միջոցառում էին կազմակերպել Ուիլշեր պողոտայում` Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջև: Այն նվիրված էր Սումգայիթում հայերի դեմ իրականացված սպանդի 23-ամյա տարելիցին:

«Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նախաձեռնած միջոցառմանը մասնակցեց մի քանի հարյուր մարդ: Ադրբեջանի հյուպատոսության առջև նրանք վանկարկում էին «Ադրբեջան, դադարիր հովանավորել ահաբեկությունը», «Ալիև, դադարիր ատելություն սփռել», «Ադրբեջան, ձեռքերդ հեռու Հայաստանից և Ղարաբաղից», «Ամերիկահայ համայնքը պատրաստակամ է պաշտպանել ՀՀ անվտանգությունը» և այլ կարգախոսներ:

Ցուցարարները նաև այդ կարգախոսների անգլերեն գրությամբ պաստառներով անցորդներին տեղեկացնում էին իրենց բողոքի մանրամասներին:

Հայ ցուցարարներին միացան նաև օտարազգիներ`իրենց մասնակցությունը բերելով մարդկության դեմ իրականացված հանցագործությանն արժանի գնահատական տալու` հայ ժողովրդի պահանջին: