4 մարտի 2011 - 16:06 AMT
BlueOrchard Finance SA միջազգային կազմակերպությունը «Ինեկոբանկին» $5 մլն կհատկացնի փոքր բիզնեսի ֆինանսավորման համար

BlueOrchard Finance SA միջազգային կազմակերպությունը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին $5 մլն կհատկացնի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար:

Ինչպես նշվում է բանկի հաղորդագրության մեջ, մարտի 5-ին Երևանում ստորագրված պայմանագրի շրջանակներում վարկային միջոցները կտրամադրվեն ՀՀ դրամով: «2010 թվականին բանկը BlueOrchard Finance SA-ից արդեն ստացել է $7.5 մլն վարկ:

«Եվս մեկ պայմանագրի ստորագրումը, որը կուղղվի միկրոֆինանսավորման ոլորտի զարգացմանը, հադիսանում է բանկի արդյունավետ և նպատակաուղղված գործունեության արդյունքը և ամրապնդում է մեր համագործակցությունը վստահելի գործընկերոջ հետ»,- նշել է «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

Այս տարի «Ինեկոբանկը» նախատեսում է միջազգային համագործակցությունների շրջանակի ընդլայնում և նոր ծրագրերի իրականացում` ուղղված միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը, ինչպես նաև էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի ոլորտին: Բանկն արդեն համագործակցում է ավելի քան 20 միջազգային կառույցների հետ:

Միկրոֆինանսավորման ոլորտում 2010 թվականի ընթացքում բանկը 8 նոր համաձայնագիր է կնքել միջազգային ռեսուրսների ներգրավմամբ` $29 մլն ընդհանուր արժեքով: