5 մարտի 2011 - 19:54 AMT
Արմեն Գևորգյանը քննարկեց հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի կազմակերպչական հարցերը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր քննարկվեցին ապրիլին Հայաստանում կայանալիք հայ- ռուսական միջռեգիոնալ համաժողովի և դրա շրջանակում կազմակերպվելիք արդյունաբերական ինովացիաների ցուցահանդեսի կազմակերպչական հարցեր:

Համաժողովի նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը, ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության զարգացումն է: Այն նաև միտված է գործակցության նոր ոլորտների բացահայտմանը, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների կողմից համատեղ ծրագրերի իրագործմանը:

Նման միջոցառում իրականացվում է առաջին անգամ, որին նախատեսվում է Հայաստանի հետ կապեր ունեցող ՌԴ սուբյեկտների ղեկավարների, ՀՀ մարզպետների, շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների, երկու երկրների մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչների, գործարարների մասնակցությունը:

Խորհրդակցությանը քննարկվեցին համաժողովի շրջանակում կազմակերպվելիք կլոր սեղանների թեմաներին, ինչպես նաև քննարկումներին և ցուցահանդեսին կողմերի մասնակցությանն առնչվող հարցեր: Նշվեց, որ հիմնական երկու խոշոր կլոր սեղանները վերաբերելու են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու միջռեգիոնալ հարաբերությունների խորացմանը, որոնց շրջանակում անդրադարձ կլինի նաև զբոսաշրջության, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում գործակցության հնարավորություններին: Նախատեսվում են նաև մշակութային միջոցառումներ:

Ա. Գևորգյանը ներգրավված պետական մարմինների ներկայացուցիչներին հորդորեց լրջորեն նախապատրաստվել միջոցառումներին, և ռուսաստանցի գործընկերներին ներկայանալ կոնկրետ նախագծերով ու առաջարկներով` հույս հայտնելով, որ համաժողովը կծառայի իր նպատակին և հետագայում կունենա տեսանելի արդյունքներ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: