7 մարտի 2011 - 14:30 AMT
Սոչիում գտել են Ղարաբաղի շուրջ բանակցությունները շարունակելու ձևաչափը, գտնում է հայ փորձագետը

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումը հերթական հանդիպում էր, սակայն, առանձնահատուկ էր այն առումով, որ Մայնդորֆի հռչակագրից հետո կողմերը կրկին պարտավորություն ստանձնեցին զսպվածություն հանդես բերել հակամարտության գոտում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը: «Անշուշտ, ընդունված հայտարարությունը հազիվ թե տևական բնույթ կրի, սակայն, կարևոր է, քանի որ Աստանայի գագաթնաժողովից հետո պարզ չէր, թե ինչ ձևաչափով պետք է շարունակվեն բանակցությունները: Սոչիում ձևաչափը գտնվեց՝ կողմերը կշարունակեն բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ և Մոսկվայի նախաձեռնած եռակողմ հանդիպումների միջոցով»,-ասել է հայ փորձագետը:

Այնուամենայնիվ, Մինասյանի խոսքերով, Սոչիի հայտարարությունը չի կարելի դիվանագիտական հաղթանակ համարել Երևանի համար: «Բոլորը սպասում էին, որ կողմերը կպայմանավորվեն դիպուկահարներին առաջնային գծից ետ քաշելու վերաբերյալ: Սակայն Ալիևը փորձեց փրկել դեմքը և Սոչիի հանդիպման արդյունքն առավելագույնն էր, ինչ կարելի էր ստանալ այժմ Ալիևից»,-ասել է Սերգեյ Մինասյանը: