7 մարտի 2011 - 15:09 AMT
ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին և հայտարարի կարգավորման վերաբերյալ իր մոտեցումների մասին

Երբ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը հասնի գործնական քայլերի իրականացմանը, ապա, բնականաբար, ԼՂՀ իշխանություններն ու ժողովուրդը պետք է մասնակցեն բանակցություններին և հայտարարեն կարգավորման վերաբերյալ իր մոտեցումների մասին: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը: «Երբ մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, մենք ենթադրում ենք ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, դա վերաբերում է միայն ու միայն ԼՂՀ-ին»,-ասել է նա:

Զաքարյանը նշել է, որ բանակցությունները այժմ շարունակվում են այն տրամաբանությամբ, որ կան բանակցող կողմեր, այսինքն կան հակամարտության կողմեր: «ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններում և փաստաթղթերում չկա կոնկրետ ցուցում, թե ով է հանդիսանում բանակցությունների կողմ, այդ հասկացությունները չեն հստակեցված»,-ասել է նա: Ըստ նրա, այդ պայմաններում իրավաբանորեն Ղարաբաղը ևս լիակատար իրավունք ունի հակամարտության կողմ դառնալու: