12 մարտի 2011 - 18:50 AMT
Հայաստանի վարչապետը համոզված է, որ 2011-ի երկրորդ կեսից լայնորեն կկիրառվի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է հարկային և մաքսային վարչարարության պարզեցման ուղղությամբ իրականացված բարեփոխումների արդյունքներին. «Հարկային և մաքսային վարչարարությունը մեր ամենաֆունդամենտալ խնդիրն է: Եթե մենք կարողանանք 2011թ. հարկային և մաքսային վարչարարությունն էապես բարելավել, ապա նաև Doing business-ն էապես կբարելավի:

2011թ. հունվարից ուժի մեջ է մտել էլեկտրոնային հաշվետվությունների նոր համակարգը, և խոշոր բիզնեսն արդեն օգտվում է էլեկտրոնային հաշվետվություններից, ինչը նվազեցնում է ֆիզիկական շփումը հարկային աշխատողների հետ: Մյուս կողմից, այն հարկատուները, որոնք էլեկտրոնային հաշվետվություններ են վարում, կարող են այլևս չվարել հաշվառման մատյանների գրքեր, ինչը նաև նվազեցնում է ֆիզիկական շփումը և տեղում ստուգումների հնարավորությունը հարկային և մաքսային ծառայողների համար, ինչը, բնականաբար, ստեղծում է նոր միջավայր:

Դեռևս նոր ենք այս համակարգը ներդրել, բայց հույս ունենք, որ արդեն այս տարվա երկրորդ կեսից այն լայնածավալ կիրառում կստանա»,- Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Մաքսային վարչարարության բարելավման համատեքստում վարչապետ Սարգսյանը կարևորել է կանաչ լույսի հայեցակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում: