16 մարտի 2011 - 21:34 AMT
Էրդողանը Մեդվեդևին է նվիրել 1921 թվականի Մոսկվայի անօրինական պայմանագրի պատճենը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին նվիրել է երկու երկրների միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի պատճենը, ինչպես նաև հոբելյանական նամականիշ, որը թուրքական իշխանությունները թողարկել են փաստաթղթի ստորագրման 90-ամյակի պատվին:

Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ՀՅԴ երիտասարդական թևը բողոքի ցույց էր կազմակերպվել: Ակցիային մասնակցում էին ավելի քան 100 երիտասարդներ: Հավաքվածներն ընթերցել են ռուսական իշխանություններին ուղղված բողոքի նամակը` պահանջելով անօրինական համարել 1921-ի Մոսկվայի պայմանագիրը: Ցուցարարներն իրենց պահանջները դեսպանատանն են փոխանցել դագաղի մեջ: Դագաղում գտնվում էր դեսպանատանը հասցեագրված նամակը, ինչպես նաև 1921թ. Մոսկվայի պայմանագրի պատճենը: «Մեռելածին պայմանագրի համար դագաղ է հարկավոր»,- հայտարարել է ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Նամակի ևս մեկ պատճեն տեղադրվել է դեսպանության փոստի համար նախատեսված արկղի մեջ:

Դրանից հետո հավաքվածները շարժվել են դեպի Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը, որտեղ ՀՅԴ երիտասարդական թևը մտադիր է Թալեաթ-փաշայի սպանության 90-ամյակին նվիրված միջոցաում անցկացնել:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր պատմաբան Էդիկ Մինասյանը, Մոսկվայի պայմանագիրն անօրինական է, քանի որ 1921 թվականի մարտին Քեմալական Թուրքիան և Ռուսաստանը միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին ճանաչվել և իրավունք չունեին որոշելու երրորդ պետության ճակատագիրը: