17 մարտի 2011 - 15:16 AMT
Հայ պատգամավորը կարծում է, որ հենց մամուլն է ընդդիմությանը վերագրում մտադրություններ, որոնք նա իրականում չունի

«Ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ Հայաստանում կլինի տեղական ընդդիմություն` չկառավարվող և չֆինանսավորվող դրսից, այլ իսկապես հայրենասիրական ընդդիմություն»,- լրագրողներին հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Միաժամանակ, նրա կարծիքով, աշխարհում չկա ընդդիմություն, որը չի ֆինանսավորվում դրսից: Նրա խոսքերով, շատ քիչ երկրներ կան, որոնք շահագրգռված են Հայաստանի քաղաքական կայունության մեջ: «Մենք բարեկամ երկրներ քիչ ունենք, իսկ թշնամիներ` որքան ուզես»,- ասել է նա: Պատգամավորը նաև հավելել է, որ դեռ հնուց ի վեր հայերը սովորույթ են ունեցել օգնության դիմել արտաքին ուժերին, և հենց ներքին տարաձայնություններն են եղել հայկական պետականության կործանման հիմնական պատճառներից մեկը:

Ինչ վերաբերվում է մարտի 17-ին կայանալիք ՀԱԿ ցույցին և մասնակիցների ենթադրվող քանակին, ապա Հարությունյանը նշել է. «Ինձ` որպես քաղաքացու, անհանգստացնում է ոչ թե ցուցարարների թիվը, այլ առկա խնդիրները»: Նա հավելել է, որ ցուցարարների թիվը հաշվի է առնվում միայն հեղափոխությունների և հեղաշրջումների ժամանակ, բայց, դատելով ՀԱԿ պահանջներից, նա նման մտադրություն չունի և միայն ցույց է տալիս իշխանություններին գոյություն ունեցող խնդիրները: Նրա խոսքերով, ընդդիմության ցույցերը և երթերը դեռ ընթանում են օրենքի շրջանակներում, և միայն մամուլն է վերագրում ընդդիմությանն այլ մտադրություններ: