17 մարտի 2011 - 18:33 AMT
Ընդդիմության ղեկավարները ցուցարարներին դեպի Ազատության հրապարակ են առաջնորդում

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել դեպի Ազատության հրապարակ շարժվել: «Մենք պետք է կյանքի կոչենք հանրահավաքների անցկացման մեր իրավունքը և մեր ցույցը շարունակենք այնտեղ: Ժամանակն է, որպեսզի վճռական քայլ կատարենք մեր ոտնահարված իրավունքը վերականգնելու համար»,- ասել է ՀԱԿ համակարգողը, դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը:

Ամբոխը ոգևորությամբ է արձագանքել դեպի Ազատության հրապարակ շարժվելու` ընդդիմության առաջնորդների կոչին:

Ներկա պահին հանրահավաքին, ամենայն հավանականությամբ, 20-30 հազար մարդ է մասնակցում:

Ազատության հրապարակը ներկա դրությամբ շրջապատված է ոստիկանության ուժեղացված ջոկատներով: