21 մարտի 2011 - 16:04 AMT
Աժ կներկայացվի 72 մլն դոլար արժողությամբ գյուղատնտեսական երկու ծրագիր

Առաջիկայում Հայաստանի Ազգային ժողովին երկու կարևորագույն ծրագիր կներկայացվի, որոնք վերաբերում են գյուղատնտեսությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը: Ըստ նրա, առաջինը՝ «Գյուղի հնարավորությունների զարգացումն է» շուրջ 52 մլն դոլար արժողությամբ: Այն ուղղված է այգեգործության, ենթակառուցվածքների, արտադրություն-իրացում շղթայի զարգացմանը: Երկրորդ ծրագիրը՝ «Համայնքների գյուղատնտեսական հնարավորությունների կառավարումն ու նրանց մրցունակությունը» 20 մլն դոլար արժողությամբ ուղղված կլինի 6 մարզերի 55 գյուղական համայնքներում անասնաբուծության զարգացմանը:

Հարությունյանը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության ամենախնդրահարույց ոլորտներից է, որտեղ վերջին տարիներին անկում է գրանցվում: Նա նշել է, որ այժմ իշխանությունները սկսել են լուրջ ուշադրություն դարձնել ոլորտին, որի մասին են վկայում նաև Սերժ Սարգսյանի հայտարարությունները և հանձնարարականները: Այժմ ցուցաբերվում է այն պետական աջակցությունը, որի անհրաժեշտության մասին խոսվում էր տարիներ շարունակ: