21 մարտի 2011 - 19:51 AMT
Սուպաչայ Պանիտչպակդի. Հայաստանի ՏՄՊՊՀ կողմից իրականացվող բարեփոխումները ճիշտ ուղու վրա են

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին, ով Երևան է ժամանել մասնակցելու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումներին:

Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) կողմից հրապարակված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության կամավոր փորձագիտական գնահատում» զեկույցը: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանը նշել է, որ զեկույցում ներկայացված առաջարկները հիմնականում ներառված են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված օրենսդրական փաթեթում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում մրցակցային օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումներին և Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Կարևորելով Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող բարեփոխումները` Սուպաչայ Պանիտչպակդին ընդգծել է, որ դրանք գտնվում են ճիշտ ուղու վրա:

ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սուպաչայ Պանիտչպակդիին՝ Առևտրի համաշխարհային կազմակերության գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո կարճ ժամանակահատվածում հեղինակավոր այդ կազմակերպությանը ՀՀ անդամակցության հարցում հետևողական աջակցության համար:

Հանդիպման ավարտին Պանիտչպակդին տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2012թ. ապրիլին՝ Քաթարում (Դոհա), հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: