21 մարտի 2011 - 20:46 AMT
ՀՀ փոխվարչապետն ու ԱՄԷ պատվիրակությունը քննարկեցին համագործակցությունը թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում

Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը մարտի 21-ին ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պատվիրակությանը` խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալի ղեկավարությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում հայկական կողմի հետ թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Կողմերը քննարկեցին 2009թ. Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ստորագրված թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին հուշագրի դրույթների արդյունավետ իրագործման հարցերը:

Փոխվարչապետը կարևորեց երկկողմ մակարդակով փոխգործակցությունը երևույթի դեմ պայքարի հարցում: Ըստ նրա` պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ թրաֆիկինգի զոհ դարձած ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ-ն վերջնակետ երկիր է համարվում, այդ իսկ պատճառով թրաֆիկինգի դեմ պաքարի հարցում գործակցելու, ջանքերը համակարգելու անհրաժեշտություն կա: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավելագույնս նվազեցնել երևույթի թե' ծավալները, թե' ազդեցությունը հասարակության վրա»,- նշեց Արմեն Գևորգյանը:

Հյուրերը նշեցին, որ արդեն հանդիպումներ են ունեցել ՀՀ մի շարք գերատեսչություններում և համոզվել, որ հայկական կողմը վճռական է այդ բնագավառում գործակցությունը խորացնելու հարցում: Նրանք տեղեկություններ ներկայացրին նաև թրաֆիկինգի դեմ պայքարի շրջանակում ԱՄԷ-ում իրականացվող միջոցառումների մասին: Մասնավորապես նշվեց, որ համապատասխան քարոզարշավ է իրականացվում նաև օդանավակայանում:

Երկուստեք կարևորվեց փոխայցերի կազմակերպումը, ինչը երկկողմ գործակցության առկա խնդիրների վերհանման, հետագա արդյունավետ քայլերի որոշման լավ հնարավորություն է, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: