22 մարտի 2011 - 09:31 AMT
Բակո Սահակյանն ու ՀԱԵ Ֆրանսիայի թեմի ներկայացուցիչները նշել են ՀԱԵ թեմերի միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին և թեմի առաջնորդարանի դիվանապետ Գրիգոր Դավթյանին: Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-պետություն կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Արցախ-Սփյուռք համագործակցության խորացման, երկրի զարգացման և առողջ հասարակության ձևավորման տեսանկյունից` միաժամանակ ընդգծելով Հայ Առաքելական եկեղեցու թեմերի միջև կապերի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: