23 մարտի 2011 - 12:39 AMT
Հայաստանի կառավարությունը որոշել է լրջորեն զբաղվել գյուղերի զարգացմամբ

Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացումը կառավարության գերակայություններից է: Այդ մասին մարզային զարգացման հայեցակարգի քննարկման բացման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Երևանի գերկենտրոնացումը խանգարում է մայրաքաղաքի նորմալ զարգացմանը, ինչպես նաև մարզերի համաչափ զարգացմանը»,- նշել է նա: Վարչապետը հավելել է, որ նոր հայեցակարգը կարևոր է ինչպես մարզերի անհավասարաչափ զարգացումը որոշելու մեթոդաբանություն ստեղծելու, այնպես էլ կառավարության ֆինանսական ծախսերը որոշելու համար:

Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ համակարգող, Հայաստանում UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան նշել է, որ Հայաստանի մարզերի անհամաչափ զարգացման հետ կապված մարտահրավերները և խնդիրներն առաջացրել են այդ հայեցակարգը ստեղծելու անհրաժեշտություն: Նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մարզերի և Երևանի անհամաչափ զարգացմանը, այլ նաև քաղաքների և գյուղերի կենսամակարդակի զարգացման անհամաչափությանը: Գերչևան նաև հավելել է, որ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ֆինանսավորում տարբեր ֆինանսական աղբյուրներից, ինչպես պետական, այնպես էլ միջազգային: