25 մարտի 2011 - 17:46 AMT
Միջազգային կազմակերպությունների լռությունը Փաշինյանի գործի վերաբերյալ տարակուսանք է առաջացրել ՀԱԿ-ում

Չնայած ամենաբարձր մակարդակով հրապարակայնորեն տրված խոստումներին, Նիկոլ Փաշինյանին լիակատար զրկել են նամակագրության իրավունքից, անգամ զրկում են գրենական պիտույքներ ունենալու հնարավորությունից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ այս ամենը ոչ միայն մարդու՝ Սահմանադրությամբ ամրագրված տարրական իրավունքների, այլեւ քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կարգավորող օրենսդրության կոպտագույն խախտում է։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է նման գործելաոճը, որն ըստ էության, «ուղղված է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ հավասարապես եւ առաջին հերթին ողջ լրագրողական աշխարհի, իրավապաշտպան կազմակերպությունների, նույն հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների դեմ, որոնց արձագանքը, իսկ ավելի հաճախ՝ արձագանքի բացակայությունը առնվազն տարակուսանք է հարուցում»։