27 մարտի 2011 - 12:53 AMT
Ադրբեջանը` հայկական դիրքերը գնդակոծելիս արդեն սկսկել է նռնականետեր օգտագործել

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1800 կրակոց: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 20-ին, 21-ին և 25-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը ուշադրություն է հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ բացի այլ հրաձգային զինատեսակներից, մարտի 24-ին և 25-ին ադրբեջանական ուժերը Մարտունու պաշտպանական ուղղությամբ կիրառել են նաև "ԱԳՍ" տիպի նռնականետեր` արձակելով ավելի քան 10 արկ:

Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային գծի պահպանությունը: