30 մարտի 2011 - 20:52 AMT
ԵՄ-ն ներկայացնում է Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ-ին աջակցության East Invest նոր ծրագիրը

Եվրոպական Միությունը East Invest նոր տարածաշրջանային ծրագիր է նախաձեռնել փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու միջոցով Արևելյան գործընկերության երկրների հետ առևտրի և ներդրումների զարգացման համար: Ծրագիրը կներկայացվի մարտի 31-ին Բրյուսելում:

Ծրագրի ներկայացմանը նվիրված միջոցառմանը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ձեռնարկատիրական կառույցների ներկայացուցիչները կքննարկեն ծրագրի գործողությունների պլանը: ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ East Invest ծրագիրն ուղղված է ԵՄ հետ ինտեգրման ուղղությամբ տնտեսական փոխակերպումների ճանապարհին Արևելյան գործընկերության երկրներին աջակցությանը:

Այս տարածաշրջանային նախագծի համար ԵՄ-ն 8,75 միլիոն եվրո է հատկացրել, հաղորդում է ԱՊԱ-ն:

Արևելյան գործընկերության ծրագիրը գործարկվեց 2009 թվականին և ուղղված է ԵՄ հետ վեց երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի մերձեցմանը: