31 մարտի 2011 - 16:06 AMT
Ստեփան Սաֆարյան. Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն այն լակմուսի թուղթն էր, որը ցույց տվեց թե ով ով է

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը քաղաքական բողոքի ակցիա էր, ոչ թե եկեղեցական ծես: Այդ մասին Երևանում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Այդ քայլի բոլոր հետևանքները մենք կզգանք ժամանակի հետ»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ընդդիմադիր մամուլում Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչած արտահայտություններին, ապա, ըստ Ստեփան Սաֆարյանի, «հացադուլը այն լակմուսի թուղթն էր, որ ցույց տվեց թե ով ով է»:

Իր հերթին ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ հացադուլն ակցիա էր հասարակության ուշադրությունն իր վրա սևեռելու համար: Առաջադրված նպատակը որոշակիորեն լուծվեց` հասարկության ուշադրությունը սևեռվեց: Նա հավելել է, որ իշխանություններն իրազեկ են Րաֆֆի Հովհաննիսյանի բարձրացրած խնդիրներին: Ալեքսանյանը նշել է, որ Հովհաննիսյանի ընտրած պայքարի ձևն իր համար ընդունելի է, սակայն, անհասկանալի, քանի որ Հովհաննիսյանը հնարավորություն ուներ օգտագործելու խորհրդարանի ամբիոնը: Նա հավելել է, որ հացադուլի, որպես կանոն, դիմում են հիասթափված մարդիկ, որոնց համար դա ծայրահեղ քայլ է: Նա ընդգծել է, որ մեծ հարգանքով է վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանին: