2 ապրիլի 2011 - 15:18 AMT
Բաքվում բողոքի ակցիա անցկացնելու համար ձերբակալվել են ընդդիմության ակտիվիստները

Այսօր Բաքվի ոստիկանության կողմից ձերբակալվել է 10 մարդ չարտոնված բողոքի ակցիա անցկացնելու փորձերի համար, որը ձեռնարկվել է ընդդիմության կողմից Բաքվի կենտրոնում: Ակցիայի կազմակերպիչն է Հանրային պալատը (ՀՊ), որը միավորում է մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում` «Մուսավաթը», Ազգային ճակատը և Ազգային անկախությունը:

Սկզբից ընդդիմությունը պլանավորել է բողոքի ակցիա անցկացնել «Նարիմանով» կինոթատրոնի մոտ` պահանջելով լուծարել խորհրդարանը, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, մի շարք փոփոխություններ կատարել սահմանադրությունում: Սակայն քաղաքապետարանը թույլ չի տվել այնտեղ ցույց անցկացնել, պատճառաբանելով իր որոշումը նրանով, որ դա կարող է խանգարել մարդկանց հանգիստը և տրանսպորտի երթևեկությունը: Հանրային պալատին առաջարկվել է ակցիան անցկացնել Բաքվի հարավային ծայրամասերից մեկի մարզադաշտում: Սակայն ընդդիմությունը հայտարարել է իր կողմնակիցներին քաղաքի կենտրոն դուրս բերելու մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նախօրեին ընդդիմադիր կուսակցությունների մի շարք առաջնորդներ, կանչվել են Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ նրանց նախազգուշացրել են, որ քաղաքի կենտրոնում չարտոնված ակցիաներ անցկացնելու փորձերը վճռականապես կասեցվելու են: Հնարավոր բացասական հետևանքների ողջ պատասխանատվությունը ոստիկանությունը բարդել է ընդդիմության վրա: