5 ապրիլի 2011 - 18:16 AMT
Կառավարությունը սահմանել է «Հյուսիս-Հարավի» առնչությամբ հողի օտարման ծրագրի ներկայացման ժամկետները

Ապրիլի 5-ին կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և հաստատել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի նախագիծը:

Նիստում արծարծվել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 1-ին տրանշի` Երևան-Աշտարակ և Երևան-Արարատ ճանապարհահատվածների նախագծերի պատրաստման վերջնաժամկետների հարցը, ինչպես նաև ներկայացվել է ծրագրի 2-րդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի նախագիծը: Սահմանվել են նաև հողի օտարման վերջնական ծրագրի նախապատրաստման և ներկայացման ժամկետները:

Ի թիվս օրակարգային հարցերի, հաստատվել է նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ամփոփ բյուջեի և պահպանման ծախսերի նախահաշիվը: