7 ապրիլի 2011 - 15:10 AMT
Հայաստանի իշխանությունները կառավարության հրաժարականի հարցը նույնիսկ չեն քննարկում

Հայաստանի իշխանությունների օրակարգում չկա կառավարության հրաժարականի հարցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա խոսքերով, նմանատիպ լուրեր պարբերաբար հայտնվում են մամուլում: «Իրականում նախագահի կողմից կառավարության առջև կոնկերտ ժամկետներ են դրված`մայիս-հունիս, երկրում իրավիճակի բարելավման համար: Այդ հանձնարարությունները չկատարելու դեպքում ոչ մի պատրվակ և բացատրություն չի ընդունվի»,- հիշեցրել է Զաքարյանը Սերժ Սարգսյանի խոսքերը:

Նա նաև հավելել է, որ իշխանություններն իրականացնում են բարեփոխումներ, որոնք ընդհատվել էին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով: «Բարեփոխումների ինտենսիվացումը բացատրվում է հայկական տնտեսության կայունացմամբ և նոր ռեսուրսների կիրառմամբ»,- ասել է Զաքարյանը: