8 ապրիլի 2011 - 21:34 AMT
Արևելյան Սիրիայում քրդական բողոքներ են սկսել

Արևելյան Սիրիայի քրդական շրջաններում ուրբաթ օրը Բաաս իշխող կուսակցության դեմ բողոքներ են սկսվել այն բանից հետո, երբ նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական քաղաքացիություն է տվել 300 քրդերի: Քաղաքացիության տրամադրումը դիտարկվում է որպես Բաաս կուսակցության գրեթե 50-ամյա կառավարման համար քրդերի առջև ներողություն խնդրելու և նրանց ցույցերից շեղելու` կառավարության փորձ: «Իշխանությունների այդ քայլը միայն հրահրեց քրդերին դուրս գալ փողոց: Մենք բոլորս` քրդերն ու արաբներս, Սիրիայի ժողովուրդն ենք»,- հայտնել է Սիրիայում քրդական դեմոկրատական կուսակցության անդամ Հասան Քամելը, հաղորդում է Reuters-ը:

Ցուցարարները փողոց են դուրս եկել հազարավոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, վերջիններից շատերը քրդեր են: «Քրդերը սիրիական ժողովրդի մի մասն են: Նրանք չեն լքի իրենց արաբ եղբայրներին ռեժիմի դեմ պայքարում»,- ասել է Նորվեգիա աքսորված քրդական ակտիվիստ Մասուդ Աքքոն` նախագահ Ալ-Ասադին կոչ անելով չեղյալ հայտարարել արտակարգ դրության ռեժիմը: