11 ապրիլի 2011 - 16:22 AMT
Գեղագիտության Ազգային Կենտրոնի «Փոքր Թատրոնը» բեմադրել է Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն Ճայը»

Ապրիլի 10-ին Գեղագիտության Ազգային Կենտրոնի «Փոքր Թատրոն»-ում տեղի ունեցավ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն Ճայը» ներկայացումը: Բեմադրությանը մասնակցում էին թատրոնի պատանի դերասանները: Ներկայացումը բեմադրված է ըստ Ռիչարդ Բախի համանուն վիպակի: Բեմադրությունը, երաժշտական և նկարչական ձևավորումները`Վահան Բադալյանի: Տեքստը կարդում են` Վիվյեն Բաստաջյանը և Նարեկ Ներսիսյանը: Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net-ին Գեղագիտության Ազգային Կենտրոնից, ներկայացման նպատակն էր` Լիվինգստոն ճայի կերպարի քնարական-հոգեբանական մեկնաբանության միջոցով շեշտել անհատի ողբերգական դատապարտվածության եւ մենության թեման և սովորեցնել մի պահ խորհել կյանքի իմաստի մասին, մտածել ազատ թռչելու, ազատ ապրելու մասին :

Երեւանի Գեղագիտական կենտրոնին կից ստեղծված «Փոքր թատրոն» թատրոն-ստուդիան ստեղծվել է շուրջ 25 տարի առաջ: Այստեղ 4-15 տարեկան երեխաները ստանում են նախնական թատերական կրթություն, ուսումնասիրում են դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում և պար: Թատրոնում կազմակերպվում են վարպետության դասեր, բեմադրվում են բարեգործական ներկայացումներ Հայաստանի մանկատների և սոցիալապես անապահով երեխաների համար: