12 ապրիլի 2011 - 18:43 AMT
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը հյուրընկալել է հեքիաթասաց Մեգան Բոլդուինին

Ապրիլի 12-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում, գրադարանային շաբաթվա շրջանակներում հյուրընկալեցին հեքիաթասաց Մեգան Բոլդուինին: Բոլդուինը Երևանի Շահամիր Շահամիրյանի անվան անգլիական թեքումով վարժարանի սաներին կարդաց տարբեր հեղինակների երեք հեքիաթ: Հեքիաթները պատմելիս նա նաև ցույց էր տալիս նկարները, որպեսզի երեխաները ավելի լավ պատկերացնեն հեքիաթը: Բացի դրանից, հեքիաթասացը փոքրիկ բեմադրություններ կազմակերպեց հենց նույն երեխաների մասնակցությամբ, հեքիաթ պատմելու պրոցեսը ավելի հետաքրքիր դարձնելու համար:

«Ես կարծում եմ, որ երեխաներն ամբողջ աշխարհում նույնն են, նրանք սիրում են ծիծաղել, զվարճանալ: Այսօր նրանք շատ ակտիվ էին և մենք լավ ժամանակ անց կացրեցինք»,-ասել է Բոլդուինը: Նա հավելեց նաև, որ փոքրիկ դուստր ունի և չի կարող նույնիսկ հաշվել, թե քանի հեքիաթ է պատմել նրան:

Մեգան Բոլդուինը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով պատասխանատուն է, և 8 ամիս է ինչ Հայաստանում է: