Ապրիլի 15-ին Հայաստանի ոստիկանության ակադեմիայում կայացել է միջոցառում` նվիրված Հայաստանի ոստիկանության աշխատողի օրվան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության ակադեմիա: Ոստիկանության օրվա նախօրեին ակադեմիայի բակում բացվել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին նվիրված հուշարձան, որի վրա գրված է եղել «Մեզ բացակա մի համարեք»: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել հուշարձանի բացման արարողությանը, որին հաջորդել է շքերթ` ակադեմիայի սաների մասնակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շրջել է ակադեմիայի շենքում, ծանոթացել բարձրագույն կրթությամբ ոստիկանության կադրային մասնագետներ պատրաստող ուսումնական այդ հաստատության պայմաններին:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ոստիկանության ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, որը նշել է նաև հուշարձանի մեծ նշանակությունը, ասելով, որ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մարդիկ չեն կարող մոռացվել: «Իզուր չէ, որ հուշարձանի վրա գրված է «Մեզ բացակա չդնեք», քանի որ նման մարդիկ չեն կարող բացակայել, նրանք միշտ մեզ հետ են»,- նշել է նա: