16 ապրիլի 2011 - 11:06 AMT
Արցախի իշխանությունները բարելավում են ոստիկանների սոցիալական և աշխատանքային պայմանները

Գլուխ եմ խոնարհում Արցախի այն ոստիկանների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի պաշտպանության: Այդ մասին ասվում է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Բակո Սահակյանը մասնավորապես նշում է, որ «Արցախում արդեն բարի ավանդույթ է դարձել տոնել այս օրը` որպես համակարգի աշխատանքի արժևորման և իմաստավորման օր, և երախտիքի խոսքեր հղել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գործն են դարձրել մեր երկրում իրավակարգի ու օրինականության պահպանումը, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարը: Դա չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանք է, որի հիմքում անպայմանորեն պետք է ընկած լինեն արհեստավարժությունը, հայրենասիրությունն ու մարդկային բարձր որակները:

Ուզում եմ վստահ լինել, որ ձեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է իր առջև դրված խնդիրների ողջ լրջությունն ու դրանք հաջողությամբ լուծելու անհրաժեշտությունը: Դա կարևոր է հատկապես ժողովրդավարական սկզբունքներ հռչակած մեր հասարակության համար: Իշխանություններն էլ կանեն հնարավորը ձեր աշխատանքային և սոցիալական պայմանները բարելավելու, համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը շարունակաբար աջակցելու ուղղությամբ:

Հավե~րժ փառք ու պատիվ մեր նվիրյալներին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի ոստիկանության բոլոր աշխատակիցներին, վետերաններին ու նրանց ընտանիքներին և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ»: