18 ապրիլի 2011 - 16:10 AMT
Վրաստանի նախարարը Հայոց ցեղասպանության մասին. Վրաստանը կիսում է հայ ժողովրդի ցավը

Վրաց ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի ցավը: Այդ մասին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան` մեկնաբանելով, թե ինչն է խանգարում Վրաստանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Մենք ցավակցում ենք ողջ հայ ժողովրդին, և ցանկանում եմ նշել, որ վրաց ժողովուրդը կիսում է ձեր ցավը»,- ասել է նա:

Վրաստանը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Վերջերս վիրահայերը Վրաստանի նախագահին ու խորհրդարանին են դիմել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկելու խնդրանքով: Օրինագիծ նախաձեռնելու խնդրանքով նրանք նամակներ են հղել երկրի նախագահին, խորհրդարանի և խորհրդարանական խմբակցությունների նախագահներին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի ծագումով հայ պատգամավորներին: