20 ապրիլի 2011 - 18:51 AMT
Հայաստանի դեսպանն ու Վրաստանի նախագահը քննարկել են հայ համայնքի խնդիրները

Ապրիլի 19-ին Թբիլիսիում, Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի կողմից Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն նոր դեսպանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Վրաստանի նախագահի եւ Հայաստանի դեսպանի միջեւ կայացավ առանձնազրույց, որի ընթացքում քննարկվեցին հայ-վրացական միջպետական հարաբերություններին վերաբերող առաջնահերթ խնդիրներ, առեւտրատնտեսական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, Վրաստանի հայ համայնքի հոգեւոր, մշակութային եւ կրթական խնդիրների, ինչպես նաեւ Վրաստանի` ծագումով հայ քաղաքացիների` հասարակության հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին առավելագույնս արդյունավետ ինտեգրման ուղղությամբ իրականացվող քաղաքականությանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: