24 ապրիլի 2011 - 14:06 AMT
Մարատ Հակոբյան. Ուկրաինայի հայերը սպասում են պաշտոնական Կիևի որոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

«Շատ քաղաքակիրթ երկրներ արտահայտել են իրենց հստակ դիրքորոշումը 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ես հուսով եմ, որ կգա այն օրը, երբ Ուկրաինան նույնպես կմիանա դրանց թվին և կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Analitika.at.ua ուկրաինական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանը:

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 2005-ի մայիսի 19-ին, երբ Ղրիմի Գերագույն ռադան որոշում է ընդունել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին: 5 տարի անց Հայոց ցեղասպանության դատապարտմամբ և օրենսդրական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով Ուկրաինայի ղեկավարությանը դիմել են Կիևի Գոլոսեևի շրջանային խորհուրդը, Խարկովի մարզի Իզյումի քաղաքային խորհուրդը, Ուժգորոդի քաղաքային խորհուրդը և այլն: 2010-ի ապրիլի 23-ին անվանի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ դիմել են Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին` խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուկրաինայի հայերը մեծ հույսով սպասում են պաշտոնական Կիևի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշմանը»,- ասել է Հակոբյանը: