24 ապրիլի 2011 - 21:26 AMT
Շվեդիայի հայերը պահանջում են, որպեսզի կառավարությունը հարգի Ցեղասպանության մասին խորհրդարանի որոշումը

Շվեդիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարեն Հակոբյանը, շուրջ 300 մարդ Ստոկհոլմում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիային, իսկ հետո հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ: Հակոբյանը նշել է, որ չնայած նրան, որ ապրիլի24-ը համընկել է Զատիկի հետ, դա չի խանգարել հայ համայնքին հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերին:

Նա նաև հաղորդել է, որ անցյալ շաբաթ նման միջոցառումներ են տեղի ունեցել Շվեդիայի այլ քաղաքներում: Հակոբյանը նաև հաղորդել է, որ ապրիլին հայ համայնքը հանդիպել է շվեդ խորհրդարանականների հետ, որոնք կարևոր դեր են խաղացել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման գործում: Նրա խոսքերով, հայ համայնքը պահանջել է, որպեսզի կառավարությունը հարգի խորհրդարանի որոշումը և տարբեր միջազգային կառույցներում աջակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հակոբյանը նաև հաղորդել է, որ համագումարը հայտարարություն է տարածել, որում պատմել է Հայոց ցեղասպանության պատմության մասին, ինչպես նաև տեղեկատվություն է տարածել, թե որ երկրներն են ճանաչել այդ պատմական փաստը, որոնք՝ ոչ: