24 ապրիլի 2011 - 21:38 AMT
Իսպանիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իսպանիայի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել «Իսպանիայի հայեր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Անդրանիկ Տերտերյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր իսպանական քաղաքում, որտեղ հայեր են բնակվում, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել:

Ընդ որում, նա նկատել է, որ այդ միջոցառումները համեմատելի չեն նախորդ տարիների միջոցառումների հետ, երբ ողջ հայ համայնքը միայն մեկ, բայց մեծ միջոցառում էր անցկացնում: Օրինակ` 2007 թվականին Վալենսիայում հայ համայնքը լայնամասշտաբ ակցիա անցկացրեց` միջազգային հանրությանը կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: