24 ապրիլի 2011 - 23:02 AMT
Ուրուգվայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ուրուգվայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում` Ս.Ներսես Շնորհալի եկեղեցում, Սուրբ Զատկի պատարագից հետո տեղի ունեցավ ժողովրդական հավաք` եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի հուշակոթողի դիմաց: Խոսքով հանդես եկան ՀՅԴ «Արմենիա» երիտասարդական միության անդամները:

Ապրիլի 25 -ին քաղաքի Անկախության հրապարակում կտեղադրվի ծաղկեպսակ սբ. Արթիգասի հուշարձանի մոտ` որպես հարգանքի տուրք այդ երկրի հայասեր կառավարությանը և ժողովրդին: Ապրիլի 26-ին Ուրուգվայի խորհրդարանի նախագահության նախաձեռնությամբ սենատի նախասրահում տեղի կունենա ոգեկոչման ձեռնարկ, որտեղ իր խոսքով հանդես կգա Բուենոս Այրեսից հրավիրված, Արգենտինայի արդարադատության նախարարության Մարդու իրավունքների և խտրականության դեմ պայքարի գրասենյակի համադրող Պեդրո Մուրադյանը:

Ապրիլի 29-ին Երիտասարդական միությունները Մոնտեվիդեոյի գլխավոր պողոտայից մինչև Մոնտեվիդեոյի համալսարանի շրջափակը «Արդարության համար» քայլարշավ կանցկացնեն, որի ժամանակ տեղում կկատարվի հատուկ ոգեկոչման արարողություն: