26 ապրիլի 2011 - 12:48 AMT
Ռազմիկ Զոհրաբյան. Հայաստանի նախագահը մտադիր չէ լուծարել խորհրդարանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ լուծարել Ազգային ժողովը, Հայաստանը գնում է դեպի հերթական ընտրություններ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը: Նա նաև հավելել է, որ ընդդիմության հետ իշխանությունների երկխոսությունը, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի հետ, ուղղված է երկրում քաղաքացիական հասարակության զարգացմանը: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի հայտարարություններին այն մասին, որ պետք է բացահայտել 2008-ի մարտի 1-ի դեպքերը, Զոհրաբյանի խոսքերով, իշխանությունները կատարում են իրենց գործառույթները, այլ ոչ թե ՀԱԿ պահանջները: Նա նաև հերքել է լուրերն այն մասին, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունն ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Զոհրաբյանը մեկնաբանել է PanARMENIAN.Net-ին, թե ինչու են այլ քաղաքական ուժերը ՀԱԿ-ի հետ երկխոսությունն ընդունել որպես գործարք: Նրա խոսքերով, դա պայմանավորված է նրանով, որ մեզանում դեռևս անսովոր է քաղաքական խնդիրները երկխոսության օգնությամբ լուծելը: Ինչ վերաբերվում է իշխանությունների հետ ՀԱԿ ռազմավարության կտրուկ փոփոխությանը, ապա, Զոհրաբյանի կարծիքով, դա բացատրվում է եվրոպական կառույցների հետ իշխանությունների ու ՀԱԿ-ի համագործակցությամբ: Նա նշել է, որ եվրոպական կառույցները երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չեն տեսնում, և ՀԱԿ-ը ստիպված է դա հաշվի առնել: