2 մայիսի 2011 - 15:45 AMT
Ռուբեն Մելքոնյան. Թուրքիան ոչնչացնում է հայերի, հույների և ասորիների մշակութային արժեքները

Հայաստանը պետք է Թուրքիայի կողմից մշակութային արժեքների ոչնչացման կապակցությամբ ակտիվացնի իր քաղաքականությունը համապատասխան միջազգային կազմակերպություններում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Թուրքիայում մշակութային արժեքները ոտնահարվում են ամեն քայլին»,- ընդգծել է նա: Որպես օրինակ նա բերել է Կարսում հայկական եկեղեցին վերականգնելուց հետո մզկիթի վերածելը կամ Արևմտյան Հայաստանում մշակութային հուշարձանների հայկական ծագման կամ հայերի մասին որևէ հիշատակման բացակայությունը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ Թուրքիան նման վերաբերմունք է դրսևորում ոչ միայն հայկական, այլև բոլոր ոչ մահմեդական, մասնավորապես հունական և ասորական մշակութային հուշարձանների նկատմամբ: Մելքոնյանը նշել է նաև, որ Թուրքիան բացի դրանից փորձում է մշակութային հուշարձանները սեփական նպատակներով օգտագործել, և բոլոր մշակութային հուշարձանների կողքին ու զբոսաշրջիկների այցելության վայրերում կանգնեցված են իբր «հայերի կողմից կազմակերպված թուրքերի ցեղասպանության զոհերին» նվիրված հուշարձաններ: