3 մայիսի 2011 - 14:39 AMT
Հայաստանում կբացվի երկրաշարժի հետևանքների վերացման մեջ մեծ ավանդ ունեցող Վալերի Ռուդակովի կիսանդրին

Մայիսի 3-ին Հայաստանի Շիրակի մարզի Գոգովիտ համայնքի Մշակույթի տանը կայանալու է ռուսաստանցի, Աշոցքի պատվավոր քաղաքացի Վալերի Ռուդակովի հուշարձանի բացումը` ի նշան 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու և Աշոցքի շրջանի Գոգովիտ, Թորոսգյուղ և Արփենի գյուղերի վերականգնման մեջ ունեցած ավանդի:

Հուշարձանը կանգնեցնելու մասին որոշումն ընդունվել է Գոգովիտ համայնքի ղեկավարության կողմից: Կիսանդրու հեղինակը քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանն է: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցելու են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, հաղորդում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը: