3 մայիսի 2011 - 15:14 AMT
«Սարդարապատ». Ժողովրդի միակ պահանջը ոչ ընտրություններով բռնապետության տապալումն է

Առկա կառավարման համակարգի կողմից շարունակաբար իրականացվող քաղաքականության հետևանքով առաջացել են Հայոց պետության կորստի, երկիրը հայաթափվելու և հայրենիքի մի մասն օտարին հանձնելու վտանգներ, որոնք կանխելու համար պահանջվում են արմատական լուծումներ: Այս մասին ասվում է «Սարդարապատ» շարժման հայտարարության մեջ: «Այնինչ, իշխանություններն երկխոսության, գործակցության և համերաշխության կոչերով փորձում են ձեռք մեկնել բարեփոխումների ջատագով քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ: Ժողովրդի միակ պահանջը ոչ ընտրություններով բռնապետության տապալումն է։ Ընդդիմության որևէ շեղում այս ընթացքից ուղիղ ճանապարհ է դեպի քաղաքական լուսանցք՝ մարգինալացում։

Համերաշխությունն անհրաժեշտ է միմիայն մեր ժողովրդի բոլոր հատվածների, ռեժիմին դիմադրող խմբերի, քաղաքական և հասարակական ընդդիմադիր միավորների միջև: Եվ այդ դիմադրական դաշտը պետք է ստեղծվի ճահճացած առկա քաղաքական դաշտից դուրս:

Ապրիլի 28–ին բարձրաձայնվեց քաղաքական նոր իրավիճակի սկզբնավորման մասին: Կառավարման առկա համակարգին ընդդիմադիր քաղաքական գործիչները կոչված են կազմակերպել և առաջնորդել ժողովրդին իրավիճակը օր առաջ փոխելու համար և պարտավոր են լինել վճռական ու նշված ուղուն հավատարիմ»,-ասվում է «Սարդարապատ» շարժման հայտարարության մեջ: