3 մայիսի 2011 - 17:00 AMT
ԱԺ-ում կքննարկվի Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացման մասին պայմանագիրը

Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մոտ օրերս կքննարկի Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացման մասին պայմանագիրը: Այդ մասին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան-Շմիդտի հետ ՀՀ խորհրդարանում կայացած հանդիպմանը հայտնել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Դեսպանն այցելել է խորհրդարան, որպեսզի հաղորդի, որ հաջորդ շաբաթ հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցություններ կկայանան:

Հանս Յոհան-Շմիդտը գերմանական կողմի անունից ողջունել է Աֆղանստանում խաղաղապահական հավաքակազմի թիվն ավելացնելու` Հայաստանի պատրաստակամությունը:

Արմեն Ռուստամյանն իր հերթին կարևորել է Հայաստանի մասնակցությունը անվտանգության հաստատմանն ուղղված տարածաշրջանային և միջազգային իրադարձություններին` ավելացնելով, որ դա երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ քննարկումների արդյունքում թե' հանձնաժողովը, թե' խորհրդարանն առանց որևէ արգելքների դրական եզրակացություն կտան պայմանագրին: Ռուստամյանը հայտնել է, որ այս կապակցությամբ Հայաստանում քաղաքական որոշումն արդեն ընդունված է, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: