4 մայիսի 2011 - 20:49 AMT
Թուրքագետ. Ֆրանսիան որոշեց չվատթարացնել Թուրքիայի հետ առանց այդ էլ վատ հարաբերությունները

Վերջին ժամանակներս Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բավական լարված էին, և Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունումը դրանք առավել կվատթարացներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի մերժման մասին Ֆրանսիայի Սենատի որոշումը: Նրա խոսքով, վերջերս Թուրքիայի դերը միջազգային հարթակում բավական աճել է, և շատ երկրներ, այդ թվում և Ֆրանսիան ստիպված են հաշվի նստել նրա հետ: «Ներկայիս միջազգային դրությունը չի նպաստում, որպեսզի երկրները Հայոց ցեղասպանության մասին որևէ բանաձևեր կամ նմանատիպ օրինագծեր ընդունեն»,- ասել է նա: Ընդ որում` հայ փորձագետն ափսոսանքով է նկատել, որ Ցեղասպանության հարցը միջպետական առևտրի հարցի է վերածվել:

Անդրադառնալով այդ որոշմանը Ֆրանսիայի հայ համայնքի հնարավոր արձագանքին` Մելքոնյանն ասել է, որ ամենայն հավանականությամբ այն բավական սուր է լինելու: «Ինձ ամենից շատ հետաքրքրում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձագանքը, որն ասել էր, որ եթե Սենատը չընդունի օրինագիծը, ապա նա որոշակի քայլերի կգնա»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը:

Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2006 թվականին: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, օրինագծին «դեմ» է քվեարկել 196 սենատոր, «կողմ»` 74:

Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչներ են հավաքվել, այդ թվում` ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որպեսզի սենատորներին կոչ անեն օրինագծի ընդունման կողմից քվեարկել:

2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատը արգելափակեց այն:

Օրենքի հեղինակ Սոցիալիստական կուսակցությունը մտադիր է մտցնել օրենքը Սենատի օրակարգ: Օրենքը նախատեսված էր ներկայացնել մայիսի 4-ին:

Օրինագծի համաձայն, ցեղասպանությունը ժխտող մարդիկ կարող են ազատազրկվել հինգ տարով կամ 45 000 եվրոյի չափով տուգանվել: