5 մայիսի 2011 - 17:17 AMT
Հայկ Մելիքյանի «1900+» համերգաշարում այս տարի կհնչի հայ ժամանակակից երաժշտություն

Հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանը սկսում է իր «1900+» 2011-12 թթ-ի համերգաշարը: Ըստ Հայկ Մելիքյանի, համերգաշարի գլխավոր նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի ժողովուրդների 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությունը, այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք մինչ այժմ չեն կատարվել Հայաստանում: Համերգաշարի շրջանակներում Մելիքյանը նախորդ տարիներին ներկայացրել է ռուսական, ֆրանսիական, չեխական և ճապոնական երաժշտության համերգներ:

Այս տարվա ծրագրում ընդգրկված են հայազգի կոմպոզիտորների աշխատանքներ: Ինչպես նշում է դաշնակահարի պաշտոնական կայքը, 2011-12 թթ. ընթացքում Հայկ Մելիքյանի կողմից կկատարվեն Էդվարդ Սադոյանի «Նվիրում Արշիլ Գորկուն» սոնատը դաշնամուրի և հարվածայինների համար, Կարեն Անանյանի «Սևը և սպիտակը», Մոշ Սահակյանի «Անկարգություն» դաշնամուրի և էլեկտրոնային ձայների համար և Ժիրայր Շահրիմանյանի «Չորս թանկա» ստեղծագործությունները: Վերոնշյալ գործերը կկատարվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում, կհրատարակվեն, կձայնագրվեն և կթողարկվեն ձայնասկավառակի տեսքով:

2010 թ. դեկտեմբերին Հայկ Մելիքյանի կողմից հայտարարվել էր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մրցույթ «1900+» համերգաշարում ընդգրկելու համար, որին ներկայացվել էր ավելի քան 30 հայտ: