10 մայիսի 2011 - 12:06 AMT
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այաթոլլա Ամելին որոշել է սիրաշահել ադրբեջանցիներին

Այաթոլլա Ամելիի հայտարարությունը պետք է դիտարկել որպես ռևերանս դեպի իրանական ադրբեջանցիների կողմը, որոնք, ոգեշնչված Ադրբեջանում իսլամական հեղափոխություն անցկացնելու հեռանկարից, նախանձախնդրությամբ են վերաբերվում Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ցանկացած ձևերին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, այաթոլլա Ամելին որոշել է տեղի տալ ադրբեջանցիներին` ի պատասխան «իսլամական արժեքների դավաճանության» մասին կշտամբանքների:

«Ղարաբաղյան պատերազմի տարիներին հենց Իրանն է ապահովել Հայաստանի պարենային անվտանգությունը: Ճիշտ է, այդ ժամանակ ոչ մի ռազմական համագործակցության մասին խոսք չի գնացել: Միաժամանակ հիշեցնեմ, որ անցյալ տարվա աշնանն Ադրբեջանը խնդրել էր Իրանին ադրբեջանական բանակին միջանցք տրամադրել իր տարածքով Արաքս գետի երկայնքով Ֆիզուլիի, Ջեբրաիլի և Զանգելանի վրա հարձակվելու համար, բայց կտրուկ մերժում ստացավ»,- ասել է նա:

Նախօրեին այաթոլլա Սայիդ Հասան Ամելին հայտարարել է, որ Շուշիի մարտերին մասնակցած ադրբեջանական զորքերին, որոնք սպառազինության հետ կապված դժվարություններ են ունեցել, Իրանը ավտոշարասյուներով զենք է մատակարարել: