11 մայիսի 2011 - 13:32 AMT
ՀՀ էկոնոմիկայի նախարարը զգուշացնում է որակի ապահովման աշխատակիցներին

Առաջիկայում արմատապես կբարեփոխվի Հայաստանի Հավատարմագրման, չափագիտության և ստանդարտների համակարգը, մայիսի 11-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Բարեփոխումների իրականացման ռազմավարությունը հաստատվել է կառավարության կողմից, սակայն, ես փոփոխություններ չեմ տեսնում, ինչն ինչ-որ չափով նաև մեր մեղքն է»,,-ասել է նա Հավատարմագրման գործակալության, Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության, Չափագիտության ազգային ինստիտուտի և Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակազմերի հետ հանդիպմանը:

Նախարարը նշել է, որ որակի ապահովման ոլորտում կիրականացվեն կառուցվածքային, տեխնիկական, կադրային ու կազմակերպչական փոփոխություններ, որոնք իրենց արդյունքը կտան: «Բոլոր ծառայությունները, որ ներկայացվում են, այդ թվում նաև պետկառույցների կողմից, պետք է լինեն մատչելի, իսկ սպառողները պետք է գոհ մնան որակից»,-ասել է նա: Տիգրան Դավթյանը հավելել է, որ կառավարության աջակցությունն այդ գործում հետևողական է լինելու, եթե ռեսուրսներն արդյունավետ օգտագործվեն ու փոխվի աշխատանքի ոճը, հակառակ դեպքում «օրենքի սահմաններում աշխատակիցները կենթարկվեն ոչ միայն վարչական, այլ նաև քրեական պատասխանատվության»:

Նախարարը հավելել է նաև, որ Հայաստանը պարտավորոթյուններ ունի միջազգային կառույցների առջև, որոնք նա պետք է կատարի սեղմ ժամկետներում, «որպեսզի ամոթով չմնանք մեր գործընկերների առջև»: