11 մայիսի 2011 - 16:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Պետրոս Էֆթիմիուն գոհ է հայկական պատվիրակության աշխատանքից ԵԱՀԿ ԽՎ-ում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 11-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուին:

Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը` ընդգծելով հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, անվտանգության, մամուլի ազատության, ոստիկանության համակարգի բարեփոխումների և մի շարք այլ ուղղություններով համատեղ աշխատանքը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքական ուժերի և գործիչների փորձն ու կարողություններն օգտագործելու, Կազմակերպության աշխատանքներում ներդնելու համար:

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուն նշել է, որ Խորհրդարանական վեհաժողովը մարմնավորում է ԵԱՀԿ-ի համար կարևոր արժեքներ` խաղաղություն, անվտանգություն, բարեկամություն և համագործակցություն: Նա ընդգծել է, որ Կազմակերպությունն այդ սկզբունքներին և արժեքներին համապատասխան ջանադրաբար աշխատում է: Պետրոս Էֆթիմիուն գոհունակությամբ է խոսել Վեհաժողովի շրջանակներում հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքի մասին:

ՖՈՏՈՇԱՐՔ