12 մայիսի 2011 - 20:02 AMT
Երևան քաղաքի պատմության թանգարանում ցուցահանդես է բացվել

Երևան քաղաքի պատմության թանգարանում Երևանի քաղաքապետարանը և «Երիտասարդություն» ՀԿ-ն կազմակերպել են ցուցահանդես՝ «Բացահայտենք նոր տաղանդներ» խորագրով:

Ցուցադրության 150 աշխատանքների հեղինակները Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ են՝ գեղանկարիչներ ու քանդակագործներ:

Ցուցահանդեսի մասնակից 98 ուսանողներից 9-ի՝ ժյուրիի ընտրությամբ լավագույն գործերը կնվիրաբերվեն Արցախի պետական պատկերասրահին: Նախաձեռնության նպատակը Երևանում ստեղծագործող երիտասարդների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի մշակութային կապերի ամրապնդման համար յուրահատուկ կամուրջ ստեղծելն է:

Արցախին նվիրաբերվող ստեղծագործությունների հեղինակներին Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը պարգևատրեց Երևանի քաղաքապետի պատվոգրերով, իսկ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամը դրամական պարգևներ կհանձնի լավագույնը ճանաչված 9 ստեղծագործողներին:

Ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի 22-ը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: