16 մայիսի 2011 - 13:47 AMT
Գագիկ Մելիքյան. Իշխանությունների ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությունը կծառայի պետության ամրապնդմանը

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը ողջունել է հնարավոր քաղաքական երկխոսությունը իշխանությունների ու Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջև: Ըստ նրա, հնարավոր երկխոսությունը կնպաստի պետության ամրապնդմանը: Նա նաև հավելել է, որ երկխոսության պատրաստակամությունը ողջունել է նաև միջազգային հանրությունը: Մելիքյանը նշել է, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո երկրում լարված իրավիճակ էր առաջացել, իսկ ընդդիմությունը, չճանաչելով ընտրության արդյունքները, գնաց ապօրինի և հակասահմանադրական քայլերի: Այս առնչությամբ նա ընդգծեց հաջորդ տարիներին նախագահ Սարգսյանի ձեռնարկած քայլերը, մասնավորապես, կարևոր արտաքին քաղաքական և ներքաղաքական խնդիրների քննարկումն ընդդիմադիր ուժերի հետ, ինչը թույլ տվեց նվազեցնել լարվածությունն երկրում:

Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի վերաբերմունքին իշխանությունների ու ՀԱԿ-ի երկխոսությանը, ապա, ըստ Մելիքյանի, այդ երկխոսությանը բացասաբար կվերաբերվեն այն ուժերը, որոնք մտավախություն ունեն, որ կարող են խնդիրներ ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում: