17 մայիսի 2011 - 20:38 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Բաքվում կարծես մոռանում են, որ հենց միջազգային իրավունքով Ղարաբաղն Ադրբեջանի հետ ոչ մի առնչություն չունի

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» պետք է վերականգնվի: Այդ մասին Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի հետ հանդիպումից հետո մամուլի համար կատարած հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքերը կրկնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, որը հայտնել է, որ «Ադրբեջանին շատ լավ հայտնի է, թե ինչ է իրենից ներկայացնում տարածքային ամբողջականության սկզբունքը»: Ընդ որում, նրա խոսքով, տարածքային ամբողջականությունը նախատեսում է «Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Սակայն Բաքվում միանգամայն սխալ են ընկալում կամ, ավելի ճիշտ, մատուցում այդ նույն միջազգային իրավունքը` կարծես տեսադաշտից բաց թողնելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց իրեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության, ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը: Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին սահմանդրական ակտի 2-րդ հոդվածում ասվում է. «Ադրբեջանական Հանրապետությունը 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդն է»: Իսկ Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության 94 տոկոսը հայեր էին, ՌԿԿ (բ) ԿԿ Կավբյուրոյի 1921թ. որոշմամբ ընդգրկվեց Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն:

Պատմական իրողությունները վկայում են. Ղարաբաղը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի հետ, և հենց այժմ միջազգային իրավունքը լիովին պահպանված և վերականգնված է:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ