18 մայիսի 2011 - 20:35 AMT
Արմեն Գևորգյանն Արմավիրի մարզում ծանոթացավ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքերին

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մայիսի 18-ին այցելեց Արմավիրի մարզ, Հովտամեջ և Խորոնք համայնքներում ծանոթացավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան»-ի ծրագրով երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքների ընթացքին: Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՏԿՆ ջրային տնետեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, համայնքապետեր, ՋՕԸ-երի ղեկավարներ:

Այցը պայմանավորված էր աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ տեղերից ստացված ահազանգերով: Մասնավորապես խնդիրներ էին առաջացել ջրանցքների ջրթողունակության ավելացման, շինարարական աշխատանքների տեմպերի արագացման հետ կապված:

Արմեն Գևորգյանը թե նախագծող, թե շինարարությունն իրականացնող կազմակերպություններին առաջարկեց համայնքապետերի, ՋՕԸ-երի հետ համագործակցված աշխատելով ձեռնամուխ լինել վերոնշյալ խնդիրների լուծմանը: Բնական համարելով, որ ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ, նա կարևորեց համատեղ ուժերով դրանց օպերատիվ լուծում տալը:

Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց աշխատանքները պահել ուշադրության կենտրոնում, իսկ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին` պարբերաբար տեղեկություններ ներկայացնել ընթացքի մասին: