19 մայիսի 2011 - 20:16 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Ղարաբաղի հետ պատերազմը կարող է Ադրբեջանի համար ողջ ՀԱՊԿ-ի հետ պատերազմի վերածվել

Երևանում «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը, խաղաղության ու անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» խորհրդաժողովում կատարված հայտարարությունները միանշանակ ուղերձ էին Ադրբեջանին` պատերազմի դեպքում Հայաստանը` որպես Արցախի անվտանգության երաշխավոր, չի կարող անմասն մնալ և կօգնի Արցախին Բաքվի մոտ մարել ագրեսիվ գործողությունների ախորժակը: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ելույթ ունենալով խորհրդաժողովումում, ընդգծել է, որ Հայաստանը` որպես Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության լիարժեք անդամ, Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում իրավունք ունի աջակցություն ակնկալել ՀԱՊԿ-ից` հաշվի առնելով ՀԱՊԿ երկրների որոշակի պարտավորությունները միմյանց առջև. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն, կազմակերպության որևէ անդամ պետության դեմ ագրեսիան դիտարկվում է որպես ՀԱՊԿ բոլոր անդամների դեմ ուղղված ագրեսիա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՆիկոլայ Բորդյուժան իր հերթին ՀԱՊԿ երկրներին հիշեցրել է, որ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել որպես կազմակերպության անդամ, սակայն նմանատիպ պարտավորություններ են ստանձնել նաև ՀԱՊԿ մյուս անդամները Հայաստանի հանդեպ: Բնականաբար, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կվարվի ՀԱՊԿ-ն տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում, Բորդյուժան որոշել է հապճեպ հայտարարություններ չանել` նշելով, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ջանքեր են գործադրում այդ շատ բարդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու և համաձայնության գալու համար ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի միջև: Այլ խոսքով` պարզապես փորձում են կանխել Ադրբեջանի համար այդքան ցանկալի և Ադրբեջանի կողմից մշտապես խոստացվող պատերազմը: Ընդ որում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է, որ հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները կարող են վերաճել հակամարտության, ինչը խիստ անցանկալի է:

Եզրակացություն` Հայաստանը կողքից չի նայելու Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային, ՀԱՊԿ-ն, ըստ համաձայնագրերի, կողքից չի նայելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային: Եվ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը կարող է Ադրբեջանի համար ողջ ՀԱՊԿ-ի հետ պատերազմի վերածվել, իսկ դա ոչ միայն Հայաստանն է, այլև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թաջիկստանն ու Ուզբեկստանը: Եվ, ամենայն հավանականությամբ, այդժամ Ադրբեջանին չեն օգնի ո'չ հսկայական քանակությամբ սպառազինությունը, ո'չ դեռահաս դիպուկահարները, ո'չ էլ դպրոցական դեսանտայինները:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ