20 մայիսի 2011 - 13:04 AMT
Ալիկ Սարգսյան. Հայաստանի ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվելու են

Հայաստանի ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվելու են, մայիսի 20-ին լրագրողներին կառավարության նիստից հետո ասել է Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: «Կադրային փոփոխությունները միշտ եղել են և լինելու են: Երբեմն մարդիկ ազատվում են պաշտոններից տարաբնույթ հարցերի պատճառով: Բայց վերջին փոփոխությունները, հիմնականում, կապված են եղել ռոտացիոն համակարգի հետ, քանի որ 3-4 տարի զբաղեցնելով նույն պաշտոնը, մարդը դառնում է կարծրատիպերի գերի, նրա հնարավորությունները նեղանում են, նա թուլացնում է հսկողությունը: Այդ դեպքում նպատակահարմար եմ համարում տեղափոխել այդ մարդուն այլ ստորաբաժանում»,- ասել է նա:

Մասնավորապես, նրա խոսքերով, Կոտայքի, Հրազդանի և այլ շրջանների պետերն ազատվել են իրենց պաշտոններից, շուտով նշանակվելու են այլ պաշտոններում: «Ինչ-որ ժամանակ նրանք լավ են աշխատել, հիմա թուլացրել են զգոնությունը, ուստի կարծում եմ, որ փոփոխությունները կատարվել են ժամանակին և հիմնավորված են»,- ասել է Ալիկ Սարգսյանը: